Թուրքիան Եվրոպայի համար այլևս գործընկեր չէ Միջերկրածովյան տարածաշրջանի զարգացման գործում։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Այաչոյում (Կորսիկա) կայացած մամուլի ասուլիսին. փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, սակայն նա անընդունելի գործողություններ է թույլ տվել դաշինքի դրոշի ներքո։ Անկարան Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ ստորագրել է համաձայնագիր, որը խախտում Է Հունաստանի օրինական իրավունքները։ Թուրքիան երկրաբանական աշխատանքներ է տանում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում՝ խախտելով Կիպրոսի իրավունքները»,- նշել է Մակրոնը:
Մակրոնի խոսքով՝ Եվրոպան «հստակ» կարմիր գծեր ունի՝ եվրոպական պետությունների ինքնիշխանության հարգում, միջազգային իրավունքի պահպանում և բոլոր միակողմանի ակտերի դատապարտում:
«Մենք ցանկանում ենք խուսափել էսկալացիայից, բայց դա չի նշանակում, որ մենք մեզ պասիվ կպահենք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը՝ նշելով, որ Թուրքիան պետք է հստակեցնի իր մտադրությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







