Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և չճանաչված Կոսովոյի Հանրապետության վարչապետ Ավդուլա Հոթին սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ կմասնակցեն պայմանավորվածությունների ստորագրման արարողությանը: Դրանց բնույթի մասին որևէ տեղեկություն չկա: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ԱՄՆ նախագահի` Սպիտակ տան կողմից հրապարակված օրակարգին:
«11:05-ին (Երևանի ժամանակով 19:05) նախագահը կհետևի Սերբիայի Հանրապետության նախագահի և Կոսովոյի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ ստորագրման արարողությանը»,-ասված է փաստաթղթում:
Սպիտակ տունը չի տեղեկացրել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրելու Վուչիչն ու Հոթին:
Միևնույն ժամանակ, հինգշաբթի օրը Սերբիայի ղեկավարը հույս էր հայտնել մինչև ուրբաթ առավոտ Կոսովոյի հետ տնտեսական ոլորտում համաձայնություններ ձեռք բերելու մասին:
Արարողությունը տեղի կունենա Սպիտակ տանը`սահմանափակ քանակությամբ լրագրողների ներկայությամբ, այսպես կոչված, Ռուզվելտի սենյակում, որը գտնվում է պետության ղեկավարի պաշտոնական նստավայրի արևմտյան թևում: Այնուհետև Թրամփը, Վուչիչը և Հոթին կմասնակցեն եռակողմ բանակցությունների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







