Բեյրութի նավահանգստից վերցված հողի նմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ օբյեկտը հրթիռակոծության չի ենթարկվել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով լիբանանյան աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նավահանգստից հողի նմուշների վերլուծությունը հրթիռակոծության հետքեր չի հայտնաբերել», — ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Պայթյունի ալիքով ոչնչացվել և վնասվել են հազարավոր տներ, ավելի քան 300 հազար մարդ անօթևան է մնացել: Զոհվել է 178 մարդ, տուժել է մոտ 6 հազար մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: Բեյրութի վերակառուցման համար կպահանջվի 12-15 մլրդ դոլար:
Օգոստոսի 15-ին Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել էր, որ քննիչները դեռևս չեն կարող հստակ հայտնել պայթյունի պատճառը և շարունակում են դիտարկել կատարվածի բոլոր վարկածները: Նա հավելել է, որ Լիբանանին «անհրաժեշտ է արբանյակներից նկարահանումներ ստանալ, որպեսզի պարզվի, թե արդյոք պայթյունը կարո՞ղ էր առաջանալ հրթիռից»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







