Առնվազն 149 մարդ է զոհվել, ավելի քան 5000-ը տուժել օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է լիբանանյան L’Orient-Le Jour թերթը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության աղբյուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր 145 զոհի մասին:
Պայթյունի ալիքով ոչնչացվել և վնասվել են հարյուրավոր շենքեր, ավելի քան 300 հազար մարդ անօթևան է մնացել: Ըստ Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալների՝ ողբերգության պատճառը եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումն է եղել, որն առգրավվել է վեց տարի առաջ մաքսային ծառայությունների կողմից:
Իշխանությունները միջադեպի կապակցությամբ ձերբակալել են նավահանգստի վարչակազմի 16 անդամների, այդ թվում՝ նրա տնօրենին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







