ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շվեդական Aftonbladet պարբերականին պատմել է երկու սցենարների մասին, որոնք աշխարհին սպասում են կորոնավիրուսային վարակից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գուտերեշը նշել է, որ առաջին, լավատեսական տարբերակը ենթադրում է, որ երկրները կհաղթահարեն ներկայիս իրավիճակը։ Հյուսիսային պետությունները կմշակեն վերականգնման հաջող ծրագիր, իսկ զարգացող պետությունները կստանան օգնություն։ Միաժամանակ Գուտերեշը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կհայտնվի ինն ամսվա ընթացքում եւ հասանելի կլինի բոլորի համար:
Նրա կարծիքով, եթե իրադարձությունները հենց այդպես զարգանան, իսկ տնտեսությունը սկսի վերականգնվել, ապա երկու-երեք տարի անց աշխարհը կկարողանա վերադառնալ նորմալ վիճակի։
Իսկ եթե պետությունները չհամակարգեն գործողությունները, հնարավոր է հոռետեսական սցենար, կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Նրա կարծիքով՝ վիրուսի նորանոր բռնկումներ են առաջանալու, իսկ զարգացող երկրներում իրավիճակը վատանալու է։
Ըստ ՄԱԿ- Գլխավոր քարտուղարի՝ այս դեպքում յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կապրի, իսկ աշխարհը չի կարողանա միասնական կառավարում իրականացնել, կազմակերպել ընդհանուր խնդիրների լուծումը։
Դրա արդյունքում, նախազգուշացնում է գլխավոր քարտուղարը, կարող է գլոբալ ընկճախտ առաջանալ, որը կտևի առնվազն հինգ-յոթ տարի։
Ըստ Գուտերեշի՝ այժմ դժվար է ասել, թե որ ուղղությամբ է շարժվում աշխարհը, բայց նա կոչ է անում անել հնարավոր ամեն ինչ և պատրաստվել վատագույնին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







