Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան համատեղ հայտարարությամբ դատապարտել են Եմենի հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի տարածքի վրա և պահանջել անհապաղ դադարեցնել հարվածները, հայտնում է Reuters-ը։
Այս երկրները քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներն անվանել են «վտանգավոր էսկալացիա», որը չի կարող արդարացվել որևէ հանգամանքով։
Հայտարարության մեջ երկրները վերահաստատել են իրենց համերաշխությունն Էր Ռիադի հետ և աջակցությունը Սաուդյան Արաբիայի անվտանգությունը պաշտպանելուն ուղղված օրինական միջոցառումներին։ Նրանք հարձակումների հետևանքների պատասխանատվությունը դրել են հութիների վրա և պահանջել անհապաղ ու անվերապահորեն դադարեցնել դրանք։
Հայտարարությունը հաջորդել է Էր Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա երկու հարձակումանը։
Հոկտեմբերի 10-ի հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիներ։ Եվս 309 մարդ վիրավորվել էր։
Հոկտեմբերի 11-ին օդանավակայանը կրկին հարձակման էր ենթարկվել։ Արկն ընկել էր չորրորդ տերմինալի վրա՝ հրդեհի պատճառ դառնալով։ Զոհվել էր Պակիստանի մեկ քաղաքացի, ևս 11 մարդ վիրավորվել էր։ Օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր, հաղորդել էր Reuters-ը։
Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը հայտնել են նաև Էր Ռիադի օդանավակայանի շրջանում թևավոր հրթիռի, երկրի արևելքում անօդաչու թռչող սարքի և Խամիս Մուշայթ քաղաքի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռի որսման մասին։
Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիան ստանձնել է շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը և հայտարարել Դամամի միջազգային օդանավակայանին ու Saudi Aramco նավթային ընկերության երկու օբյեկտի հասցված հարվածների մասին։
Սաուդյան Արաբիայի ավիացիոն իշխանությունները հաստատել են Դամամի օդանավակայանի վրա հարձակումը, որտեղ սկսվել է վնասների գնահատումը։ Aramco-ի օբյեկտներին հասցված հարվածների մասին տեղեկություններն անկախ աղբյուրներով չեն հաստատվել։
Լարվածության սրման ֆոնին Թուրքիան և Պակիստանը պայմանավորվել են ակտիվացնել պաշտպանական համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ՝ օգոստոսին ստորագրված հավաքական պաշտպանության համաձայնագրի շրջանակում։
Միաժամանակ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բացառել է թուրքական զորքերի ուղարկումը և Անկարայի մասնակցությունը հարձակողական գործողություններին։
Հութիներն սպառնացել են շարունակել հարձակումները, եթե Սաուդյան Արաբիան չդադարեցնի ռազմական գործողությունները Եմենում։
Լարվածության սրման պայմաններում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել սաուդցի գործընկերոջ հետ և հայտնել Թեհրանի պատրաստակամությունը՝ աջակցելու Էր Ռիադի և եմենական կողմի միջև երկխոսությանը։
Հոկտեմբերի 8-ին հութիները հայտարարել էին Էր Ռիադի օդանավակայանին հրթիռային հարված հասցնելու մասին՝ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարական ուժերի հարձակման ֆոնին։ Հոկտեմբերի 10-ին նրանք հարձակում էին գործել օդանակայանի վրա։
Դրանից մեկ օր առաջ հայտնի էր դարձել, որ Թուրքիան սկսել է Սաուդյան Արաբիային պաշտպանական սարքավորումներ մատակարարել և հետախուզական տեղեկություններ տրամադրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







