Թեհրանի «Մարիամ-է Մողադդաս» («Սուրբ Մարիամ») մետրոյի կայարանում բացվել է 1980-1988 թվականների Իրան-իրաքյան պատերազմում զոհված հայ զինծառայողների դիմանկարների ցուցահանդեսը, հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
«Հայ նահատակները՝ անձնազոհության խորհրդանիշներ» խորագրով ցուցադրությունը պատմում է Իրան-իրաքյան պատերազմին իրանահայերի մասնակցության և երկրի պաշտպանության գործում նրանց ներդրման մասին։ Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս։
Բացման արարողությանը մասնակցել են զոհվածների հարազատները, Թեհրանի մետրոպոլիտենի, ինչպես նաև Թեհրանի նահանգի Նահատակների և վետերանների հարցերով հիմնադրամի ներկայացուցիչները։
Իրանում ավանդույթ կա այցելելու Իրան-իրաքյան պատերազմում զոհված քրիստոնյա զինծառայողների ընտանիքներին։ Սուրբծննդյան տոների ժամանակ նման այցելություններ են կատարում նաև երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդը։
2025 թվականի հոկտեմբերին Թեհրանի կենտրոնում բացվել էր «Մարիամ-է Մողադդաս» մետրոյի կայարանը, որն անվանակոչվել էր Սուրբ Մարիամի պատվին և նվիրված է Իրանի քրիստոնեական համայնքին։
Կայարանը գտնվում է Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հարևանությամբ՝ Թեհրանի գլխավոր հայկական եկեղեցիներից մեկի մոտ։ Կայարանի ձևավորման մեջ օգտագործվել են հայկական և քրիստոնեական մոտիվներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







