Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնից ազատել է Պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովին՝ Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի զոհվելուց հետո։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին, հայտնում է Kazinform-ը։
Կադրային որոշման պատճառը փաստաթղթում չի նշվում։
Ղազախստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Այդոս Միրզախմետովը։ Նրա նշանակման հրամանագիրը Տոկաևն ստորագրել է նույն օրը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ Կասպից ծովի ափին Ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ։
Որոնողական աշխատանքներն ավարտվել էին սեպտեմբերի 25-ին՝ վերջին երկու անհետ կորած զինծառայողների մարմինները հայտնաբերելուց հետո։
Տոկաևը սեպտեմբերի 26-ին Պաշտպանության նախարարությունում հանձնաժողով էր ստեղծել՝ գերատեսչության գործունեության համալիր ստուգում իրականացնելու, այդ թվում՝ զորամասերի ֆինանսական և նյութատեխնիկական ապահովման վիճակը գնահատելու նպատակով։
Հանձնաժողովն ստուգման առաջին արդյունքները պետք է ներկայացնի յոթ օրվա ընթացքում։
Դեպքից հետո Կոսանովը հայտարարել էր, որ ՊՆ-ն պարզում է տեղի ունեցածի բոլոր հանգամանքներն ու պատճառները, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







