Ռուսաստանը չի պատրաստվում որևէ ռազմական գործողության եվրոպական երկրների դեմ և դրա համար չունի ո՛չ ծրագրեր, ո՛չ հիմքեր, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք չենք պատրաստվում որևէ ռազմական գործողության Եվրոպայի դեմ։ Նման ծրագրեր չունենք և, որ ամենակարևորն է, հիմքեր չունենք․ իրական որևէ դրդապատճառ չկա Եվրոպայի հետ իրավիճակը սրելու համար»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից եվրոպական երկրների վրա հնարավոր հարձակման վերաբերյալ հայտարարությունները նպատակ ունեն սրել իրավիճակը և ձևավորել հասարակական կարծիք՝ Մոսկվայի հետ առճակատման քաղաքականության հետագա ծախսերը հիմնավորելու համար։
Ռուսաստանի նախագահը Եվրոպայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին խոսակցություններն անվանել է «իրավիճակի նպատակային ուռճացում և սադրանք»։ Նրա կարծիքով՝ նման հայտարարություններն օգտագործվում են Ուկրաինային հետագա աջակցության և Ռուսաստանի զսպման քաղաքականության հիմնավորման համար։
Սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Պուտինին հրավիրել է մասնակցել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







