Սիրիայում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում վառելիքի գների կտրուկ բարձրացումից հետո, հայտնում է Reuters-ը։
Ցուցարարներն այրում են անվադողեր և փակում կարևոր ճանապարհները, այդ թվում՝ Դամասկոսն ու Հալեպը կապող մայրուղին։ Բողոքի մասնակիցները նաև կանգնեցրել են վառելիք տեղափոխող ցիստեռնների շարասյուների երթևեկությունը, որոնք ուղևորվում էին դեպի Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող վերամշակող գործարաններ։
Մասնակիցներից ոմանք պահանջել են Էներգետիկայի և Էկոնոմիկայի նախարարների, ինչպես նաև Սիրիայի նավթային ընկերության ղեկավարի հրաժարականը։ Գործակալության հաղորդմամբ՝ դրանք երկրում ամենախոշոր բողոքի ակցիաներն են 2024 թվականի դեկտեմբերին նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից ի վեր։
Բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ սեպտեմբերի 12-ին Սիրիայի կառավարությունը 40%-ով բարձրացրել է դիզելային վառելիքի գինը՝ մեկ լիտրի դիմաց այն հասցնելով 175 սիրիական ֆունտի (1,32 դոլար)։ Իշխանությունները մոտ 9%-ով բարձրացրել են նաև բնակչության և արդյունաբերական ձեռնարկությունների համար գազի սակագները։ Միաժամանակ 95 և 90 օկտանային թվով բենզինի գները բարձրացել են համապատասխանաբար 28%-ով և 26%-ով։
Սիրիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Աբդել Համիդ Սալլաթն ավելի վաղ հայտարարել էր, որ գների բարձրացումը ժամանակավոր միջոցառում է՝ պայմանավորված համաշխարհային գնաճով և Սիրիայի՝ ներմուծումից ունեցած մեծ կախվածությամբ։
Նրա խոսքով՝ գները կարող են վերանայվել՝ ինչպես բարձրացվել, այնպես էլ նվազեցվել՝ կախված շուկայական և տնտեսական պայմանների փոփոխությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







