Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Աբու Դաբիի թագաժառանգ Խալեդ բեն Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ Նյու Դելիում բանակցությունների ընթացքում պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այս հանդիպման ընթացքում լավ զրույց ունեցանք առկա հարցերի և մտահոգությունների շուրջ։ Պայմանավորվեցինք անցյալը թողնել հետևում, նայել դեպի ապագա և փոխըմբռնման հասնել այն հարցում, թե ինչպես կարող ենք համատեղ ջանքերով կառուցել այդ ապագան»,- ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Նյու Դելի կատարած այցի արդյունքներն ամփոփելով՝ ասել է Իրանի նախագահը։
Նրա խոսքով՝ հանդիպումից հետո կողմերը բանակցությունները շարունակել են Արտաքին գործերի նախարարների մակարդակով, ինչի արդյունքում առաջընթաց է արձանագրվել երկուստեք հետաքրքրող հարցերի շուրջ։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 7-ին, ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտից հետո Միացյալ Արաբական Էմիրությունները, վաղ թե ուշ, ստիպված կլինի վերականգնել հարաբերություններն Իրանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







