Ֆրանսիայում շարունակվող անտառային հրդեհների պատճառով վատթարացել է օդի որակը Նոր Ակվիտանիա տարածաշրջանում, գրում է Le Figaro-ն՝ հղում անելով առողջապահության տարածաշրջանային գործակալությանը։
Ժիրոնդ, Լանդեր, ինչպես նաև Լո և Գարոն դեպարտամենտներում հուլիսի 27-ին օդում միկրոմասնիկների խտությունը գերազանցել է այն շեմը, որի դեպքում անհրաժեշտ է իրազեկել բնակչությանը։
Հուլիսի 28-ի գիշերը Ժիրոնդում, որտեղ հուլիսի 22-ից շարունակվում է ուժգին անտառային հրդեհը, հրշեջներին, ընդհանուր առմամբ, հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ պահել։ Հրդեհից այրված տարածքի մակերեսը կազմում է 42 հազար հեկտար։ Կրակն ավերել է 420 շինություն, տարհանվել է մոտ 220 հազար մարդ։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 2750 հրշեջ, 1,5 հազար զինվորական և իրավապահ մարմինների 1440 աշխատակից: Տուժել է 93 հրշեջ։
Շոգի նոր ալիքի պատճառով դեպարտամենտի իշխանությունները հուլիսի 28-ին կարգադրել են Լականո համայնքի ճամբարներից տարհանել 4000 զբոսաշրջիկի։
Ֆրանսիայում հունիսի 22-28-ն ընկած շաբաթվա ընթացքում երկիրը համակած անոմալ շոգի հետևանքով մահացել է ավելի քան 2000 մարդ։
Անտառային հրդեհները մոլեգնում են նաև Իսպանիայում, որտեղ վերջին օրերին ավելի քան 170 հազար մարդ ստիպված է եղել կա՛մ տարհանվել, կա՛մ սահմանափակել տեղաշարժը։ Երեքշաբթի օրը իշխանությունները հայտնել են Մադրիդի մերձակայքում իրավիճակի բարելավման մասին, թեև հրդեհը դեռևս չի վերցվել վերահսկողության տակ։






































