Չինաստանի հարավային Գուանդուն նահանգին հուլիսի 26-ին հարվածած «Հունսյա» (միջազգային անվանումը՝ Noul) թայֆունի պատճառով շուրջ 900 000 մարդ տարհանվել է, հայտնում է Xinhua-ն։
Թայֆունը տեղական ժամանակով ժամը 3։50-ի սահմաններում ցամաք է հասել Գուանդունի Հույչժոու քաղաքի Հույդուն շրջանի Պինհայ ավանում։ Ցամաք հասնելուց հետո այն աստիճանաբար թուլացել է։
Թայֆունի հետևանքով Գուանդունի 11 գետում և 13 հիդրոլոգիական կայանում ջրի մակարդակը գերազանցել է նախազգուշացման շեմը։ Երկու հատվածում հայտարարվել է ջրհեղեղի վտանգի կարմիր մակարդակ։
Հոնկոնգում տարերքի հետևանքով տուժել է 21 մարդ։ Իշխանությունները բացել են 29 ժամանակավոր ապաստարան, որտեղ տեղավորվել է 246 մարդ։ Գրանցվել է ծառերի տապալման 331 և հեղեղման 8 դեպք։
Իշխանությունները թայֆունի հետևանքների վերացման համար հատկացրել են 100 մլն յուան (շուրջ 14,7 մլն դոլար)։
Հուլիսի սկզբին Չինաստանի Հայնան նահանգի ափին հարվածել էր «Մայսակ» թայֆունը։ Այն ուժեղ քամիներ ու հորդառատ անձրևներ էր բերել Չինաստանի հարավային շրջաններ։




































