Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը խոր հիասթափությունն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկվող բանաձևն Իսրայելի խորհրդարանի (քնեսեթ) քվեարկության դրվելիք հարցերի ցանկից դուրս թողնելու առնչությամբ, ասված է Պատրիարքության տարածած հայտարությունում։
Պատրիարքությունը մտահոգություն է հայտնել, որ օտար պետությունը կարող է ազդել Իսրայելի ներքին հարցերի քննարկման վրա՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120 000 տեղաբնիկ քրիստոնյա հայերի բռնի տեղահանման համար։
«Մեզ համար հատկապես տարակուսելի է, որ Ալիևի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև-խմբ․) վարչակարգը, ըստ երևույթին, ի վիճակի է ազդելու թե՛ իսրայելացի պաշտոնատարների քաղաքական հաշվարկների և թե՛ այն բարոյական հարցերի վրա, որոնք Քնեսեթը պատրաստ է քննարկել։ Քնեսեթի օրենսդրական օրակարգն ու քննարկումները հարցեր են, որոնք պետք է մնան Իսրայելի ինքնիշխան պատասխանատվության ներքո»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի պատմական փաստ է, որի ճանաչումը չպետք է կախված լինի քաղաքական հանգամանքներից, և Իսրայելը պետք է պաշտոնապես ճանաչի այն՝ միանալով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն արդեն ճանաչած 32 պետությանը։
Պատրիարքությունը նաև կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դադարեցնել պատմական փաստերը խեղաթյուրելուն ուղղված քաղաքականությունն ու նախաձեռնությունները՝ նշելով, որ հայ և թուրք ժողովուրդների միջև տևական հաշտեցումը հնարավոր է միայն պատմական ճշմարտության հիման վրա։
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունից հետո Սուրբ երկրում ապաստան է տվել բազմաթիվ վերապրողների և որբերի։ Պատրիարքությունն ընդգծել է զոհերի հիշատակը պահպանելու և նրանց ժառանգությունը սերունդներին փոխանցելու իր պատասխանատվությունը։
«Թող Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժ սուրբ և օրհնյալ մնա բոլոր հայերի սրտերում և համայն մարդկության խղճի մեջ»,- ասվում է հայտարարության ավարտին:




























