Հնդկաստանի կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանը հրաժարական է տվել քննական նյութերի արտահոսքի պատճառով սկսված ուսանողական բողոքի ակցիաների ֆոնին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հնդկաստանում ավելի վաղ բողոքի ակցիաներ էին անցկացվել, որոնք առաջացել էին թեստային առաջադրանքների արտահոսքի պատճառով բժշկական քննությունները մայիսից հունիս տեղափոխելու շուրջ ծագած սկանդալի հետևանքով։
«Հրաժարականի դիմում եմ հղել հարգարժան վարչապետ Նարենդրա Մոդիին, որպեսզի հակաազգային ուժերը չօգտվեն Ջանթար-Մանթարում (Նյու Դելիի շրջան, որտեղ անցկացվում են բողոքի ակցիաները) և ամբողջ երկրում ստեղծված իրավիճակից, ազգի միասնությունը պահպանելու համար, որպեսզի իրավական նրբությունները չխանգարեն հնդիկ ոչ մի ուսանողի ապագային, որպեսզի մեր երեխաներն իրենց ժամանակը տրամադրեն ուսմանը և կենտրոնանան կարիերա ստեղծելու վրա»,- X-ում գրել է Պրադհանը։
Նախարարն ընդունել է, որ մայիսի 3-ին անցկացված քննության ընթացքում խախտումներ են արձանագրվել։ Նրա խոսքով՝ Հնդկաստանի կառավարությունն անհապաղ արձագանքել է՝ սկսելով հետաքննություն և նշանակելով կրկնակի քննության ամսաթիվ։
«Առաջին իսկ օրվանից ես ինձ վրա եմ վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը և չեմ անտեսել այս իրավիճակը։ Վճռական եմ թույլ չտալ, որ քննական մաֆիայի պատճառով տուժի թեկուզ մեկ տաղանդավոր ուսանողի ապագան, և կանխել ուսանողների նկատմամբ ցանկացած անարդարություն»,- հայտարարել է նա։
Քննությանը մասնակցել էր ավելի քան 2,2 միլիոն դիմորդ՝ երկրի ավելի քան 550 քաղաքում։ Բողոքի ակցիայի մասնակիցները տեղի ունեցածի համար պատասխանատու են համարում Կրթության նախարարին և պահանջում նրա հրաժարականը։ Մոդին հանձնարարել էր պատրաստել օրինագիծ, որը նախատեսում է նման գործերի արագացված քննություն դատարաններում և մեղավորների նկատմամբ ավելի խիստ պատիժներ։ Իշխանությունները նաև պատրաստում են քննական համակարգի բարեփոխումներ։





































