Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Իրան կատարվող ցանկացած ուղևորությունից, իսկ այդ երկրում գտնվող բրիտանացի քաղաքացիներին՝ գնահատել հետագա կացության ռիսկերը և դիտարկել երկրից հեռանալու հնարավորությունը, այդ թվում՝ Հայաստանի հետ ցամաքային սահմանով։ Թարմացված հանձնարարականները հրապարակել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարությունը (FCDO):
Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ անվտանգության իրավիճակով պայմանավորված՝ բրիտանացի աշխատակիցները ժամանակավորապես դուրս են բերվել Իրանից։ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով, իսկ հյուպատոսական օգնություն ցուցաբերելու Լոնդոնի հնարավորություններն այդ երկրում խիստ սահմանափակ են։
FCDO-ն նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին և բրիտանա-իրանական երկքաղաքացիություն ունեցող անձանց ձերբակալման, կալանավորման և հարցաքննության բարձր ռիսկի մասին։ Գերատեսչության տվյալներով՝ բրիտանական անձնագրի առկայությունը կամ Մեծ Բրիտանիայի հետ ենթադրյալ կապերը կարող են ձերբակալվելու հիմք հանդիսանալ։
Հանձնարարականներում նշվում է, որ չնայած հունիսի 17-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև մերձավորարևելյան հակամարտության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի հայտարարմանը, իրավիճակը տարածաշրջանում մնում է անկանխատեսելի։ Լոնդոնում չեն բացառել նոր հարձակումներն ու հետագա էսկալացիան։
Որպես հնարավոր ցամաքային երթուղիներից մեկը՝ գերատեսչությունը նշել է Իրանի սահմանը Հայաստանի հետ։ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կարող են առանց վիզայի գտնվել Հայաստանում տարեկան մինչև 180 օր։
Միևնույն ժամանակ, FCDO-ն ընդգծել է, որ ցամաքային սահմանների հատումն իրականացվում է ճանապարհորդների սեփական պատասխանատվությամբ և ռիսկով։ Մեկնելուց առաջ բրիտանացիներին խորհուրդ է տրվել ստուգել մուտքի կանոնները, վիզային պահանջները և ընտրված երկրում գործող սահմանափակումները։
Հանձնարարականներում թվարկված են նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի տարածքով անցնող երթուղիները։ Գերատեսչությունը խորհուրդ է տալիս ամբողջությամբ հրաժարվել Աֆղանստանի և Իրաքի տարածքով Իրանից հեռանալիս, ինչպես նաև ուղևորություններից դեպի Իրանին սահմանակից պակիստանյան Բելուջիստան նահանգ։






































