Մոտ 1,6 հազար զինծառայող է տեղափոխվել Վաշինգտոնի արվարձան, որտեղ շարունակվում են բողոքի ակցիաները աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:
Ծառայության մեջ գտնվող զինվորները տեղակայված են մայրաքաղաքի շրջանի ռազմակայաններում, բայց՝ ոչ Վաշինգտոնում»,- հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը: Նա նշել է, որ զինծառայողները գտնվում են մարտական պատրաստականության բարձր վիճակում, սակայն ոչ թե օգնություն են ցուցաբերում քաղաքացիական իշխանություններին:
Երեքշաբթի երեկոյան, չնայած պարետային ժամին, Սպիտակ տան մոտ հավաքվել են բազմաթիվ ցուցարարներ. նրանք տարբեր կարգախոսներ են վանկարկել, այդ թվում պահանջել են նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարականը:
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ նախօրեին մայրաքաղաքի ցուցարարները այրել են մեկ ոստիկանական մեքենա, երկու իրավապահներ վիրավորվել են, ձերբակալվել է մոտ 300 մարդ:
Հիշեցնենք, որ ամերիկյան քաղաքներում անկարգություններ են սկսվել Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալությունից հետո: Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ երևում է, որ տղամարդուն ձեռնաշղթաներ են հագցրել և տապալել նրան, ոստիկաններից մեկը ծունկը դրել է նրա պարանոցին: Տեսանյութում Ֆլոյդը մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել։ Ավելի ուշ նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Դատաբժշկական փորձաքննության պաշտոնական արդյունքները հաստատել են, որ Ֆլոյդը մահացել է խեղդվելուց։ Չորս ոստիկան հեռացվել է աշխատանքից, նրանցից մեկը՝ Դերեկ Շովենը, մեղադրվում է անզգուշությամբ սպանություն կատարելու մեջ։
Ցուցարարները պահանջում են դադարեցնել ոստիկանական կամայականությունները, որոշ քաղաքներում հուզումներն ուղեկցվում են կողոպուտով։ Վաշինգտոնում և այլ քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







