Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հետևում կանգնած են Ուկրաինայի անվտանգության ծառայության և ռազմական հետախուզության անձինք, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեին։
«Հետաքննությունը պարզել է, որ ոչ ուշ, քան 2024 թվականի մարտ Ուկրաինայի անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության անհայտ անձինք մշակել են Մոսկվայում ահաբեկչական հարձակում իրականացնելու ծրագիր։ Հարձակման թիրախը հասարակական գործիչ Սարգսյանն էր, որը դեմ էր արտահայտվել 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հանցագործությունը կատարելու համար ստեղծվել է խումբ, որում ընդգրկված էին Վարաժ Մանուկյանը, Պարույր Մաթևոսյանը և ուրիշներ: Հանցակիցները դիտարկել են զոհին, ուսումնասիրել նրա երթուղիները և անվտանգությունը, ինչպես նաև նկարահանել նրան:
Մանուկյանն ապահովել է MON-50 ականից պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարքի և այլ բաղադրիչների տեղափոխումն ու պահպանումը: 2025 թվականի փետրվարի 3-ին Մաթևոսյանը հայտնել է Սարգսյանի մոտենալու մասին, որից հետո նրա հանցակիցը հեռակառավարմամբ պայթեցրել է պայթուցիկ սարքը։
«Պայթյունի հետևանքով Սարգսյանն ու Մաթևոսյանը տեղում մահացել են: Երկու անձ ստացել է մարմնական ծանր վնասվածք, մեկը՝ միջին չափի: Բնակելի համալիրի կառավարման ընկերությանը պատճառվել է զգալի գույքային վնաս»,- հավելել է Քննչական կոմիտեն:
Մոսկվայում 2025 թվականի փետրվարի 3-ին Алые паруса բնակելի համալիրում պայթյունի հետևանքով սպանվել էր Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Սարգսյանը։
Shot Telegram ալիքը հայտնել էր, որ ահաբեկիչը պայթուցիկ սարք էր ամրացրել իր մարմնին և ակտիվացրել այն պահին, երբ Սարգսյանը դուրս էր եկել վերելակից։ Shot-ը նաև նկարագրել էր ենթադրյալ մահապարտ-ահաբեկչին որպես 40-ն անց տղամարդ: Փետրվարին «Արբատ» գումարտակի հրամանատարի սպանության գործով բերման էր ենթարկվել ՀՀ 2 քաղաքացի։
Սարգսյանը ծնունդով Հայաստանից է, երիտասարդ տարիքից ապրել էր Ուկրաինայի արևելքում՝ Գորլովկայում։ 2019 թվականին Սարգսյանը դարձել էր Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, իսկ 2020 թվականին՝ Գորլովկայի պատվավոր քաղաքացի։ 2025 թվականին պարգևատրվել էր ՌԴ «Արիության» շքանշանով։ 2022 թվականի սեպտեմբերին Դոնբասում ստեղծել էր «Արբատ» (Հայկական գումարտակ)՝ առանձին հատուկ նշանակության գումարտակ «Պյատնաշկա» միջազգային բրիգադի կազմում։ 2023 թվականի հուլիսին գումարտակը մտել է Ռուսաստանի զինված ուժերի կազմ, նույն ամսում Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում տեղի էր ունեցել գումարտակի մարտիկների օրհնության կարգ։






































