ԱՄՆ-ն առաջարկում է երկրներին միանալ նոր միջազգային կոալիցիային՝ Հորմուզի նեղուցով անխափան նավարկությունը վերականգնելու նպատակով, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներքին հեռագրին։
Այդ նպատակով ԱՄՆ-ն կոչ է անում այլ երկրներին միանալ «Ծովային նավարկության ազատության կոալիցիա» (MFC) նախաձեռնությանը։
Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է տեղեկատվության փոխանակում, դիվանագիտական քայլերի համակարգում և պատժամիջոցների կիրառման ապահովում։ Հեռագրում նշվում է, որ կոլեկտիվ գործողություններն անհրաժեշտ են Իրանի վրա ճնշում գործադրելու և նեղուցով անցման խոչընդոտումը կանխելու համար։
Սպասվում է, որ կոալիցիան կձևավորվի Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մասնակցությամբ։ Այն նաև կլրացնի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնած անվտանգ նավարկության ծրագրերը։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
ԱՄՆ ռազմածովային ուժերն Իրանի նավահանգիստների շրջափակումն սկսել էին ապրիլի 13-ին։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։



































