Մերձմոսկովյան շրջանում 2024-ին «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչություն իրականացրած անձանց նախնական թիրախը «Մոսկվա-Սիթի»-ն էր, գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահներին։
Նշվում է, որ ահաբեկչություն իրականացրածների թիրախը Մոսկվայի «Մոսկվա-Սիթի» բիզնես կենտրոնի աշտարակներից մեկն էր, սակայն այն գնահատվել էր որպես ոչ նպատակահարմար, որից հետո ընտրվել էր համերգասրահը։
Ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2024-ի մարտի 22-ին, զոհվել էր 144 մարդ։ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել էր ահաբեկչության գործով 8 մեղադրյալի։
Ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։ ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։ Զոհերի թվում էր նաև հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը, որը մարդկանց էր փրկել։
Ապրիլի 7-ին հայտնի էր դարձել, որ ահաբեկչական հարձակման կազմակերպիչները պլանավորել էին երկրորդ ահաբեկչական հարձակումը կատարել Մոսկվայում, սակայն հետագայում հրաժարվել էին այդ ծրագրից:




































