Իրանի Հարավային Փարս գազային հանքավայրի տարածքում գտնվող նավթավերամշակման գործարանը ենթարկվել է Իսրայելի օդային հարվածին, հայտնում է իրանական Fars գործակալությունը:
Պայթյունների շարք է գրանցվել Ասալուիե ափամերձ քաղաքի մոտակայքում, որը համարվում է իրանական գազային արդյունաբերության կենտրոնը: Այս տարածաշրջանը Հարավային Փարս գազային հանքավայրի մաս է կազմում՝ աշխարհում գազի ամենամեծ հայտնի պաշարներով, որն ապահովում է Իրանի ընդհանուր գազամատակարարման մոտ 70%-ը:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ապրիլի 6-ին հայտարարել է, որ Իսրայելը հարված է հասցրել Ասալուիեում գտնվող Հարավային Փարս նավթաքիմիական գործարանին: Նրա խոսքով՝ հարվածի թիրախում էր «Իրանում ամենամեծ նավթաքիմիական գործարանը, որը պատասխանատու է երկրի նավթաքիմիական արտադրանքի մոտ 50%-ի համար»:
Այս տարածաշրջանում իրանական օբյեկտն արդեն իսկ թիրախավորվել էր Իսրայելի կողմից մարտի կեսերին, ինչն այն ժամանակ որակվում էր որպես լուրջ էսկալացիա: Այդ հարվածին ի պատասխան՝ Իրանը հարվածել էր Կատարի գազային օբյեկտին՝ պատճառելով զգալի վնաս:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ նախապես տեղեկացված չէր հարվածի մասին, սակայն հավելել էր, որ Իսրայելը խոստացել էր ձեռնպահ մնալ Հարավային Փարսում իրանական զգայուն գազային օբյեկտներին հարվածելուց: Դրանից հետո Թրամփն ինքն էր սպառնացել թիրախավորել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, եթե Թեհրանը մինչև երեքշաբթի օրվա վերջնաժամկետը չբացի Հորմուզի նեղուցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







