Լիբանանի Բեյրութ քաղաքի և երկրի հարավային շրջանների ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 50 մարդ, վիրավորվել՝ 185-ը, երկրի Առողջապահության նախարարության ամփոփագրի տվյալներն է փոխանցել ՏԱՍՍ-ը։
«Ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր՝ զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 1318-ի, վիրավորներինը՝ 3935-ի։ Իսրայելական ավիահարվածների զոհ են դարձել 125 երեխա և 89 կին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր, որ Իսրայելը մարտի սկզբին հարավային Լիբանանի բնակելի շրջաններում կիրառել էր սպիտակ ֆոսֆոր։ Մարտի 24-ին տվյալներով՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել էր 1072-ի, վիրավորվել էր 2966 մարդ։
Մարտի 31-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ մտադիր են Լիբանանի հարավում վերահսկողություն հաստատել մինչև Էլ-Լիտանի գետը և հավելել, որ վերահսկողության հաստատումն Իսրայելի հյուսիսային շրջանների անվտանգության ապահովման նպատակով ստեղծվող անվտանգության գոտու շրջանակում է։





































