Իսրայելի պաշտպանության բանակը կարող է մոտ ապագայում հայտնվել փլուզման եզրին, եթե չլուծվի անձնակազմի պակասի խնդիրը, The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը:
Պարբերականը նշել է, որ Զամիրն անվտանգությանը նվիրված նիստին ընդգծել է, որ այս հարցին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Իսրայելական բանակի աղբյուրները Jpost-ին հայտնել են, որ շարունակվող պատերազմի պայմաններում իրավիճակը մեծ մտահոգություն է առաջացնում:
Աղբյուրները նշել են, որ նույնիսկ խաղաղ ժամանակ Իսրայելին ավելի շատ զինվորներ կպահանջվեին Գազայի հատվածի, Լիբանանի, Սիրիայի և Հորդանան գետի արևմտյան ափի հետ սահմանները պաշտպանելու համար: Եթե կառավարությունը չավելացնի զորքերի թվաքանակը, ապա պաշտպանության որոշակի հատվածներում լուրջ խնդիրներ կառաջանան:
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







