Սուդանում հիվանդանոցին հարվածելու հետևանքով մահացածների թիվը հասել է 70-ի, այդ թվում՝ 13 երեխա, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սուդանում ԱՀԿ-ի առողջապահական արտակարգ իրավիճակների ղեկավար Հալա Խուդարին։
«Մարտի 20-ի երեկոյան Էլ Դաեյն քաղաքի հիվանդանոցը հարվածի էր ենթարկվել։ Սկզբնապես հաղորդվում էր 64 զոհի և 89 վիրավորի մասին։ Որոնողական գործողություններից հետո մահացածների թիվը հասել է 70-ի, այդ թվում՝ 7 կին և 13 երեխա, 1 բժիշկ և 2 բուժքույր»,- Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
Վիրավորների թիվը հասել է 146-ի, որոնց թվում կան հիվանդներ, նրանց ուղեկցող ընտանիքի անդամներ, ինչպես նաև 8 բուժաշխատող։
ԱՀԿ-ի տվյալներով՝ Էլ Դաեյնի հիվանդանոցն սպասարկել է Արևելյան Դարֆուրի ինը շրջանի շուրջ 2 մլն մարդու։ Հոսպիտալի ավերածությունն զգալիորեն նվազեցնում է անհրաժեշտ բժշկական օգնության հասանելիությունը տարածաշրջանում, որը լրջորեն տուժել էր 2023 թվականից ի վեր տևող երկարատև հակամարտությունից, նշել է ԱՀԿ-ն։
2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում շարունակվում են ծանր մարտերը Մոհամեդ Համդան Դագլոյի հրամանատարությամբ գործող արագ միջամտության ուժերի (RIF) և կանոնավոր բանակի միջև։





































