Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շուտով կարող է կորցնել իր պաշտոնը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ֆրանսիայի առաջնորդի կողմից Հորմուզի նեղուցում Վաշինգտոնի հնարավոր ռազմական գործողություններին աջակցելուց հրաժարվելը։
«Դե, նա շատ շուտով կարող է կորցնել իր պաշտոնը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ Մակրոնի մասին Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը պահանջել էր ՆԱՏՕ-ի օգնությունը Հորմուզի նեղուցում անվտանգությունն ապահովելու հարցում և զգուշացրել, որ դաշինքը «դժվար ժամանակների է դիմակայելու», եթե չօգնի Վաշինգտոնին: Այսօր ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցը բացելու որևէ գործողության։
Գերմանիան ևս մերժել էր Թրամփի պահանջը։ ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել էր, որ ԵՄ-ն քննարկում է Հորմուզի նեղուց ռազմանավեր ուղարկելու հարցը:
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ թիրախներին:
Մարտի 2-ին ԻՀՊԿ գեներալ-մայոր Էբրահիմ Ջաբարին զգուշացրել էր, որ Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի նավթի արտահանման մոտավորապես մեկ հինգերորդը, կփակվի նավագնացության համար՝ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողության պատճառով:






































