Սիրիական բանակի ստորաբաժանումները Ռաքքա նահանգի հարավ-արևմուտքում իրականացված գործողության ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավազակախմբին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով՝ Al-Masdar լրատվական պորտալի հրապարակմանը։
Նշվում է, որ կառավարական ուժերը մաքրել են Սալմիա քաղաքի շրջակայքը, որտեղից գրոհայինները պարբերաբար հարձակվել են ռազմատրանսպորտային շարասյուների վրա:
Հաղորդվում է, որ խմբավորման անդամները ոչնչացվել են, ինչի արդյունքում էլ հաջողվել է ապահովել Հոմսից Ռաքքա և Համա մայրուղով դեպի Դեյր Զոր տանող մայրուղու երթևեկությունը, այժմ կառավարական զորքերի առջև խնդիր է դրված ապահովել նավթային հորերի պաշտպանությունը, որոնք տեղակայված են այդ տարածաշրջանում, մասնավորապես, էտ Թայիմ հանքավայրում:
ԻՊ-ի ավազակախմբերը, որոնք 2017 թվականին ջախջախումից հետո կորցրել են ավելի վաղ գրավված ընդարձակ տարածքների նկատմամբ վերահսկողությունը Սիրիայի արևելքում և հարևան Իրաքում, վերջին ժամանակներս զգալիորեն ակտիվացրել են իրենց զինված գրոհները: Ըստ պանարաբական Asharq Al-Awsat թերթի տեղեկությունների՝ ահաբեկիչները Ռամադան ամսվա ընթացքում լուսնային օրացույցով (ապրիլի 24 — մայիսի 24) առնվազն 11 գործողություն են իրականացրել կառավարական ուժերի դեմ, որոնց ընթացքում սպանվել են 37 սիրիացի զինծառայողներ և աշխարհազորայիններ: Այդ նույն ժամանակահատվածում նրանք բազմիցս գրոհել են Եփրատի արևելյան ափին գտնվող «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» քրդական կազմավորումները, ահաբեկչական գործողություններ իրականացրել բնակավայրերում, սպանել և առևանգել բնակիչներին: Ընդհանուր առմամբ, մեկ ամսում գրանցվել է 43 նման հարձակում, խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 20-ը:
Պարբերականի տվյալներով՝ պատասխան գործողությունների ընթացքում սիրիական զորքերն ու քուրդ զինյալները ոչնչացրել են 47 ահաբեկիչների, այդ թվում՝ 4 դաշտային հրամանատարների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







