Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) մերժել է վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի գլխավորած կառավարությանը անվստահություն հայտնելու երկու նախաձեռնություն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Առաջին փաստաթուղթը պաշտպանել է խորհրդարանի 140 անդամ, երկրորդը՝ 108։ Առաջարկն ընդունելու համար անհրաժեշտ մեծամասնությունը 289 ձայնն է։
Բանաձևը ներկայացրել են ընդդիմադիր խմբակցությունները՝ աջակողմյան «Ազգային միավորումը» և ձախակողմյան «Ֆրանսիայի անհնազանդությունը»՝ արտահայտելով իրենց անհամաձայնությունը կառավարության բազմամյա էներգետիկ քաղաքականության ծրագրի հետ, որը հրապարակվել էր հունվարի 13-ին։
Այն ընդգրկում է մինչև 2035 թվականը և կոչ է անում ավելացնել «ցածր ածխածնային էներգիայի» մասնաբաժինն ազգային սպառման մեջ, այդ թվում՝ բրածո վառելիքի փուլային դուրսբերման և միջուկային ու վերականգնվող էներգիայի զարգացման միջոցով։





































