ԱՄՆ-ի 16 նահանգում տագնապ է հնչեցվել՝ եղանակային պայմանների պատճառով, հայտարարվել է արտակարգ դրություն, հաղորդում է Fox News-ը:
Ավելի քան 200 միլիոն ամերիկացիներ հնարավոր է հայտնվեն անսովոր դաժան ձմեռային փոթորկի ազդեցության տակ․ կանխատեսվում են առատ ձյան տեղումներ։
Փոթորիկը, ըստ ԱՄՆ Ազգային եղանակային ծառայության (NWS), կանցնի Միացյալ Նահանգների մեծ մասով՝ շարժվելով դեպի արևելք՝ իր հետևից թողնելով «չափազանց վտանգավոր» պայմաններ։ Ձմեռային փոթորիկ է սպասվում Մեմֆիսում, Նեշվիլում, Վաշինգտոնում, Բալթիմորում, Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում։
BBC-ն նշում է, որ արկտիկական սառնամանիքը կբերի զրոյից ցածր ջերմաստիճան և ուժեղ քամիներ: ԱՄՆ տրանսպորտային ոլորտի պաշտոնյաները, այդ թվում՝ մի շարք խոշոր քաղաքների օդանավակայանների ղեկավարներ, զգուշացրել են շաբաթավերջին ճանապարհորդությունների խափանումների, ուշացումների և չեղարկումների մասին։
Տարբեր ավիաընկերություններ ուղևորներին առաջարկել են փոխել չվերթերը՝ որոշ դեպքերում առանց լրացուցիչ վճարների՝ չեղարկումների մտահոգության պատճառով։
FlightAware ավիաչվերթերի հետևման ծառայության տվյալներով՝ արդեն չեղարկվել է ավելի քան 3200 թռիչք շաբաթ օրվա և ավելի քան 4800-ը՝ կիրակիի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







