Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում և հայտնել է Փարիզի մասնակցելու պատրաստակամությունը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի վարչակազմին։
Հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Դավոս այցի ֆոնին, որտեղ նա, ինչպես սպասվում է, կխոսի Գրենլանդիան ԱՄՆ-ի կողմից ձեռք բերելու ջանքերի մասին՝ չնայած եվրոպական երկրների բողոքներին։
ՆԱՏՕ-ի առաջնորդները նախկինում զգուշացրել էին, որ Գրենլանդիային առնչվող Թրամփի ռազմավարությունը կարող է լրջորեն խաթարել դաշինքի միասնությունը։ Զորավարժություններ անցկացնելու ֆրանսիական նախաձեռնությունը դիտվում է որպես Արկտիկայում կոլեկտիվ անվտանգության աջակցության ազդանշան։
Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթ ունենալով՝ Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան չի զիջի ճնշմանը կամ թույլ չի տա իրեն վախեցնել՝ քննադատելով Վաշինգտոնի սպառնալիքներն առևտրային սակագներ սահմանելու վերաբերյալ։
Այս անհամաձայնությունների ֆոնին Ֆրանսիայի նախագահը լքել է Դավոսը՝ առանց անձամբ հանդիպելու Թրամփի հետ, հաղորդում է Politico-ն։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնն առաջարկել է Փարիզում բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ, սակայն համաձայնության չի հասել։






































