Եվրոպական հանձնաժողովը հաստատել է ԵՄ ութ երկրի ներդրումային ծրագրերը՝ պաշտպանական վարկային SAFE (Security Action for Europe) ծրագրի շրջանակում միջոցների օգտագործման համար, հայտնում է Euronews-ը։
Ֆինանսավորում կստանան Բելգիան, Բուլղարիան, Դանիան, Իսպանիան, Խորվաթիան, Կիպրոսը, Պորտուգալիան և Ռումինիան։ Համաձայնագրերի ստորագրումից հետո նրանք կկարողանան ներգրավել մոտ 38 մլրդ եվրո։ Ամենախոշոր գումարները նախատեսված են Ռումինիայի (16,68 մլրդ եվրո) և Բելգիայի (8,3 մլրդ եվրո), ինչպես նաև Իսպանիայի և Կիպրոսի համար՝ մոտ 1 մլրդ եվրո յուրաքանչյուրի դեպքում։ Դանիան դիմել է ամենափոքր գումարի համար՝ մոտ 46 մլն եվրո։
Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ խորհուրդը պետք է հնարավորինս շուտ հաստատի այս ծրագրերը՝ միջոցների օպերատիվ փոխանցումն ապահովելու համար։ Ընդհանուր առմամբ՝ SAFE ծրագրին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ԵՄ 19 երկիր։ Ակնկալվում է, որ առաջին վճարումները կսկսվեն 2026 թվականի մարտին։
SAFE-ի միջոցները նախատեսված են առաջնահերթ պաշտպանական արտադրանքի ձեռքբերման համար, ներառյալ՝ զինամթերքը, հրետանային համակարգերը, դրոնները և հակաօդային պաշտպանության միջոցները, ինչպես նաև կիբեռանվտանգության, արհեստական բանականության և էլեկտրոնային պայքարի ոլորտների տեխնոլոգիաները։ Միաժամանակ՝ բաղադրիչների առնվազն 65%-ը պետք է արտադրվի ԵՄ-ում, ԵՏՏ երկրներում կամ Ուկրաինայում։






































