Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելոն հայտնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերեվարելու և ձերբակալելու ԱՄՆ-ի գործողության հետևանքով զոհվածների և վիրավորների մասին տվյալներ, փոխանցում է Interfax-ը:
«Այս պահի դրությամբ՝ զոհվել է 100 մարդ։ Եվ, մոտավորապես, նույնքան վիրավոր կա»,- ասել է Կաբելոն:
Ընդ որում, նրա խոսքով, զոհվածները «հակամարտության հետ կապ չեն ունեցել»՝ խաղաղ բնակիչներ են, կանայք, որոնք գտնվել են իրենց տներում: Վենեսուելայի բանակը հրապարակել է 23 զոհված զինծառայողի ցուցակ:
Կուբայի կառավարությունը ևս հայտնել է Վենեսուելայում 32 կուբացու մահվան մասին՝ ԱՄՆ-ի գործողության ժամանակ: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Մադուրոյին հսկում էին կուբացիները:
Իր հերթին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործողության ընթացքում ամերիկացի ոչ մի զինծառայող չի զոհվել, թեև ոմանք վիրավորվել են:
ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: Գործողության ընթացքում ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլյա Ֆլորեսին, նրանց դուրս էին բերել երկրից ու ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրել:





































