Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այսօր՝ հունվարի 5-ին, ներկայանալու է Նյու Յորքի Մանհեթենի դաշնային դատարան. նրան մեղադրանքներ կներկայացվեն, հաղորդում է New York Times-ը։
Սպասվում է, որ մեղադրանքներ կառաջադրվեն չորս հոդվածով, որոնք վերաբերում են շուրջ 25 տարվա ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված գործողություններին։ Մադուրոյին ցմահ ազատազրկում է սպասվում։
ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: Գործողության ընթացքում ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլյա Ֆլորեսին, նրանց դուրս էին բերել երկրից ու ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրել: Մադուրոյին մեղադրում են մի քանի ծանր հանցագործության մեջ, որոնք պաշտոնական ձևակերպմամբ՝ կապվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և զինված խմբավորումների հետ։ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արել ԱՄՆ ղեկավարությանն ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը։






































