ՌԴ հակաօդային պաշտպանության անձնակազմերը ոչնչացրել են Մոսկվայի ուղղությամբ արձակված ավելի քան 30 անօդաչու թռչող սարք, հայտնել է RBC-ն։
Առաջին խոցված անօդաչու սարքի մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր Մոսկվայի ժամանակով ժամը 15:39-ին (Երևանի ժամանակով 16։39-ին)։ Երևանի ժամանակով ժամը 20։06-ի դրությամբ դրանց թիվը հասել էր 32-ի։
Հարձակման հետ կապված Ռոսավիացիան հայտարարել է Ժուկովսկի, Դոմոդեդովո և Վնուկովո օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումների մասին։ Գործակալությունը հետագայում պարզաբանել է, որ Վնուկովոյում թռիչքների ժամանումն ու մեկնումն իրականացվում են համապատասխան մարմինների հետ նախապես համաձայնեցնելով։
Ժուկովսկի օդանավակայանում սահմանափակումներն ավելի ուշ հանվել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






