Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել անհապաղ հրադադարի շուրջ, հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկու երկրների Պաշտպանության նախարարների համատեղ հայտարարությանը։
Կողմերը համաձայնության են եկել սահմանազատել շփման գծերը, ապահովել խաղաղ բնակիչների վերադարձը սահմանային գոտիներ և սկսել ականազերծումը: 72 ժամ տևած հրադադարի պահպանումից հետո Թաիլանդը ազատ կարձակի կամբոջացի 18 զինծառայողի։
Համաձայնագիրը Չինաստանի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ մի քանի օր տևած բանակցությունների արդյունք է։ Թաիլանդի Պաշտպանության նախարար Նատտաֆոն Նարկֆանիտը հայտարարել է, որ հրադադարը կփորձարկի մյուս կողմի «անկեղծությունը»՝ ընդգծելով Բանգկոկի ինքնապաշտպանության իրավունքը խախտումների դեպքում։
Հուլիսին Մալայզիայի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքվել էր հրադադար, սակայն հետագայում մարտական գործողությունները վերսկսվել էին։ Թաիլանդը կասեցրել էր Կամբոջայի հետ վիճելի սահմանի վերաբերյալ համաձայնագիրը՝ ականի վրա թաիլանդցի զինվորականների մահից հետո։





































