ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հյուսիսարևմտյան Նիգերիայում «հզոր և մահաբեր հարված» է հասցրել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ջոկատներին, փոխանցում է BBC-ն:
ԱՄՆ ղեկավարն ԻՊ-ին բնութագրել է որպես «ահաբեկչական» միավորում՝ մեղադրելով խմբավորմանը «հիմնականում անմեղ քրիստոնյաներին թիրախավորելու և դաժանորեն սպանելու» մեջ։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերն «իրականացրել են մի շարք կատարյալ հարվածներ», իսկ ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարությունն ավելի ուշ հայտնել է, որ հինգշաբթի օրվա հարձակումն իրականացվել է Նիգերիայի հետ համակարգված՝ Սոկոտո նահանգում։
Նիգերիայի արտաքին գործերի նախարար Յուսուֆ Մայտամա Տուգգարը BBC-ին ասել է, որ դա «համատեղ գործողություն» էր՝ ուղղված «ահաբեկիչների» դեմ, և «չի առնչվում որևէ կոնկրետ կրոնի»։
Տուգգարը չի բացառել հետագա հարվածների հնարավորությունը՝ նշելով, որ դա կախված է «երկու երկրի ղեկավարությունների կողմից ընդունվելիք որոշումներից»։
Թրամփը նոյեմբերին հրահանգել էր ԱՄՆ զինված ուժերին պատրաստվել գործողությունների Նիգերիայում՝ «իսլամիստ զինյալ խմբավորումների դեմ պայքարելու նպատակով»։






































