Լրագրող Թաքեր Կարլսոնը, հղում անելով ամերիկացի օրենսդիր մարմնի ներկայացուցչի, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատերազմ հայտարարել Վենեսուելային դեկտեմբերի 18-ի առավոտյան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Կոնգրեսի անդամներին երեկ ասվել է, որ պատերազմն անխուսափելի է, և դրա մասին կհայտարարվի այսօր երեկոյան՝ ժամը 21:00-ին, նախագահի ելույթի ժամանակ»,- ասել է նա։
Թրամփը ելույթ կունենա դեկտեմբերի 18-ի վաղ առավոտյան։ Սպիտակ տունը հայտարարել է, որ ելույթում նա կկենտրոնանա տարվա արդյունքների և նոր նախաձեռնությունների վրա։
Դեկտեմբերի 16-ին WSJ-ն հայտնել էր, որ ամերիկացիները պատրաստվում են ճշգրիտ հարվածներ հասցնել Վենեսուելայի ցամաքային թիրախներին։ Հոդվածում ասվում էր, որ դա կարող է սկսվել կիբերգործողություններից և արբանյակային կապի ճնշմամբ՝ Կարակասին հակաօդային պաշտպանության համակարգեր օգտագործելու հնարավորությունից զրկելու համար։
Վերջին մի քանի ամսվա ընթացքում Միացյալ Նահանգները բազմիցս օգտագործել է իր զինված ուժերը՝ ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավերը ոչնչացնելու համար։ Վաշինգտոնը պնդում է, որ նման գործողություններ են իրականացվում միջազգային հանցագործության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար։
Սա զգալիորեն վատթարացրել է երկկողմ հարաբերությունները։ Սպիտակ տունը լիազորել է ԿՀՎ-ին գաղտնի գործողություններ անցկացնել Վենեսուելայում՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունն ապակայունացնելու համար։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ սահմանում է Վենեսուելայի նկատմամբ ծովային շրջափակում՝ այն նավթատար տանկերների համար, որոնց վրա ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել։





































