Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մի քանի անօդաչու թռչող սարք է արձակել ամերիկյան USS Abraham Lincoln ավիակրի ուղղությամբ՝ ստիպելով վերջինիս փոխել տեղակայման վայրը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԻՀՊԿ մամուլի ծառայությանը։
«Ըստ առկա տվյալների և արբանյակային լուսանկարների՝ հարվածային խումբը լքել է նախկին դիրքերը և նահանջել Հնդկական օվկիանոսի խորքերը»,- նշված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







