Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի հետ կապված Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) 13 000 շվեյցարական ֆրանկով (մոտ 14 000 դոլար) տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, տեղեկանում ենք FIFA-ի պաշտոնական կայքից։
FIFA-ի որոշման մեջ նշվում է, որ տուգանքի պատճառը «թիմային անպատշաճ վարքագիծն է, կարգուկանոնի և անվտանգության խախտումը խաղերի ընթացքում, դաշտի ներխուժումը կամ դաշտ ներխուժելու փորձը, առարկաներ այրելը»։
2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի մեկնարկային տուրում սեպտեմբերի 6-ին Հայաստան-Պորտուգալիա խաղն ավարտվել էր 0-5 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ Սեպտեմբերի 8-ին ՆԳՆ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախության 5 դեպք է բացահայտվել։
Սեպտեմբերի 5-ին «Հետքը» գրել էր, որ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը, որոնք նախապես ամրագրել էր ՀՖՖ-ն, «սև շուկայում» վաճառվել էին բազմապատիկ թանկ գնով։






































