Հայաստանի կարատեի միության հիմնադիր, կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA մարզաձևում 7/0 ռեկորդակիր Կամո Ունանյանը ողնաշարի լուրջ վիրահատության է ենթարկվել, հայտնել է Հայաստանի կարատեի միության լրատվական ծառայությունը։
Ըստ հայտարարության՝ այժմ մարզիկը հետվիրահատական վերականգնման փուլում է և նախկին մարզական վիճակին վերադառնալու համար նրանից ամիսներ են պահանջվելու։
Վիրահատությունից առաջ «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյանը վստահեցրել է, որ թեպետ մարզիկը ողնաշարի բավականին լուրջ խնդիր ունի, բայց ամիսներ անց կվերադառնա իր նախկին մարզավիճակին։
Ունանյանը փոխանցել է, որ վիրահատությունն ընթացել է նորմալ, իսկ հետվիրահատական փուլը կհաղթահարի ամիսների ընթացքում՝ բժշկի վերահսկողությամբ։
Կարատեի միությունը նշել է, որ Կամոն մի քանի խոշոր միջազգային մրցաշարերում ուներ մենամարտերի պայմանավորվածություններ, սակայն, ըստ նրա, դրանք ժամանակավորապես մղվել են երկրորդ պլան։
Նա սեպտեմբերի 13-ին պատրաստվում էր մասնակցել Mix fight MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարին, ապա «Նաիզա» հեղինակավոր կազմակերպության մենամարտերին։
Հուլիսին Ունանյանը ՀՀ կարատեի պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր WUKF վարկածով ԱԱ ոսկե մեդալ։






































