Սպորտի զարգացումը ՀՀ-ի համար ունի ռազմավարական նշանակություն: Այդ մասին Հայաստանի՝ տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Կառավարությունը մշակում է ՀՀ մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարությունը, որում կարևոր տեղ է տրվել սպորտին՝ արձանագրելով, որ մեր նպատակն է մինչև 2050-ը ունենալ առնվազն 25 օլիպիական ոսկե մեդալ:
«Իհարկե, այս նշաձողը շատերին չափազանց բարձր է թվում, բայց դա մեզ ոգևորում է, որովհետև չեմպիոն լինելու համար կա մեկ կարևոր նախապայման՝ տրամադրված լինել անել ոչ թե այն, ինչ հնարավոր է, այլ անել այն, ինչն անհնար է: Հետևաբար, մեր այսօրվա միջոցառումը համարում եմ հավաքույթ մարդկանց, որոնք իրենց առաջ ոչ թե խնդիրներ դնում են ըստ հնարավորության, այլ՝ ըստ անհնարինության: Նրանց մեծագույն առաքելությունը հնարավորն անհնար դարձնելն է՝ ոչ միայն իրենց, այլև ժողովրդի, հանրության համար: Այս առումով եմ ես կարևոր համարում մեր մարզիկների հաղթանակները միջազգային ասպարեզում, քանի որ դրանք ոչ միայն իրենց և իրենց մարզիչների հաղթանակն են, այլև դրանք մեծացնում են հայ ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Սա է մեզ համար սպորտի առանցքային նշանակությունը։ Եվ մենք ուզում ենք մեր համատեղ աշխատանքի շնորհիվ մեծացնել մեր քաղաքացիների վստահությունը սեփական ուժերի նկատմամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է, որ հայ մարզիկները զգան պետության, կառավարության աջակցությունը և Հայաստանում զարգանա սպորտը:
ՀՀ վարչապետը շեշտեց, որ մեր մարզիկները նաև օրինակ պիտի լինեն մեր երիտասարդ սերնդի համար և ցույց տան, որ մարդու աշխատասիրությունը, թիմային աշխատանքը այսպիսի արդյունքների կարող են հանգեցնել։
Արարողության ընթացքում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրեց Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ին՝ յուրաքանչյուրին 5 մլն դրամով։
Պարգևներ հանձնվեցին ներքոհիշյալ 10 մարզիկներին․
-Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ըմբշամարտ
-Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ
-Արթուր Ավետիսյան, մարմնամարզություն
-Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ
-Սլավիկ Գասպարյան, հունահռոմեական ըմբշամարտ
-Տիգրան Կիրակոսյան, սամբո
-Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ
-Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ
-Գոռ Մինասյան, ծանրամարտ
-Հակոբ Մկրտչյան, ծանրամարտ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







