Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է, որ իր համար ավելի կարևոր է մեկ չեմպիոնական տիտղոս նվաճել «Լոկոմոտիվի» կազմում, քան հինգ անգամ դառնալ Ռուսաստանի չեմպիոն՝ «Զենիթի» հետ։ Այդ մասին ֆուտբոլիստն ասել է Sport-express-ին տված հարցազրույցում։
Կայքը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ «Զենիթը» հետաքրքրված էր Թիկնիզյանի տեղափոխությամբ, սակայն տրանսֆերը չէր իրականացել:
«Իմ կարծիքով՝ ռուսական անձնագիր ունեցող ֆուտբոլիստի համար «Զենիթը» պատմություն է ոչ թե ֆուտբոլի, այլ փողի մասին։ Ես ինձ համար որոշել եմ, որ եթե ամբողջությամբ տրվեմ ֆուտբոլին, ինչն անում եմ, ապա «Լոկոմոտիվում» ինձ լավ կզգամ ֆինանսական տեսանկյունից»,- ասել է Թիկնիզյանը։
Նշվում է, որ ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նրա աշխատանքային պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ:
2025-ի հունվարի 12-ին «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը մեկնաբանել էր Թիկնիզյանի՝ ակումբից հեռանալու մասին լուրերը և հայտնել, որ առաջարկներ չկան և որ լինելու դեպքում ակումբը կքննարկի։ Հունվարի 23-ին Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, որը ներկայացնում է Թիկնիզյանի շահերը, հերքել էր լուրերը, թե Թիկնիզյանը պայմանագրային բարձր պահանջներ է ներկայացրել «Լոկոմոտիվի» ղեկավարությանը։
2024 թվականի փետրվարի 22-ին Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը խոսել էր 24-ամյա պաշտպանի ձախողված տրանսֆերի մասին։