Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանն Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում մրցակցային տեղ է զբաղեցրել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Կանանց առաջնությանը մասնակցել են 30 երկրների 118 շախմատիստուհիներ: Մարիամ Մկրտչյանը վաստակել է 10.5 միավոր և զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Առաջնության շրջանակում հայ շախմատիստուհին հաղթել է աշխարհի 14-րդ չեմպիոնուհի Աննա Ուշենինային և ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցչուհի Էլինա Դանիելյանը վաստակել է 9 միավոր: Էլինան 11-րդ խաղափուլում առավելության է հասել աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունի նկատմամբ: Սուսաննա Գաբոյանը վաստակել է 8.5 միավոր: Սուսաննան 2-րդ խաղափուլում հաղթել է աշխարհի 9-րդ չեմպիոնուհի Չժու Չենին: Մարիամը և Սուսաննան նաև զգալիորեն բարելավել են կայծակնային շախմատի իրենց վարկանիշները:
Դեկտեմբերի 30-ին հայտնել էինք, որ տղամարդկանց պայքարում մրցակցային տեղ է զբաղեցրել Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Ռոբերտ Հովհաննիսյանը։ Ռոբերտը վաստակել էր 13 միավոր և զբաղեցրել 26-րդ հորիզոնականը։