2-րդ ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի մեդալները: Մեդալների խորհուրդը կայանում է նրանում, որ մարզիկները մեծ արդյունքների հասնելու համար պետք է շատ աշխատեն: Մեդալների չափս 85 միլիմետր է, իսկ հաստությունը կազմում է 7,7 մմ-ից մինչև 12,1 մմ: Ոսկե մեդալները կկշռեն 556 գրամ, արծաթե մեդալները` 550, իսկ բրոնզե մեդալները` 450 գրամ: Ոսկե մեդալները պատրաստված են արծաթից, որոնց ոսկեպատումը 6 գրամ է: Իսկ արծաթե մեդալներն ամբողջապես արծաթից են: Բրոնզե մեդալները կազմված են արույրից (латунь, brass):
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկ աշխարհի 206 երկրից կմրցեն 33 մարզաձևում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. առաջինը Օլիմպիադան այստեղ տեղի է ունեցել հեռավոր 1964 թվականին:
Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Այն կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ, որը զուգորդվում է Ճապոնիայի հետ: 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:
Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թ․ ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Իսկ առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում այդ նույն թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղերը` 1916 թ․՝ Բեռլին, 1940 թ․՝ Տոկիո և 1944 թ․՝ Լոնդոն: Մինչ այս Օլիմպիական խաղերն ամենահաճախը հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948 և 2012 թթ․):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







