Հենրիխ Համլետի Մխիթարյան՝ հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ծնվել է 1989թ. հունվարի 21-ին ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում: Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։
Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր է, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։
Տաղանդավոր ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։
2012թ. ստացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում:
2017 թվականին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների Top 10-ում։ Մխիթարյանը հանդես է գալիս հարձակվողական ոճով կիսապաշտպանի և ենթահարձակվողի դիրքերում։ Նա մասնագիտացել է հարձակվողների ետևից խաղում։ Դա նրան հնարավորություն է տալիս համատեղ աշխատել թիմակիցների հետ և՛ իր դիրքում, և՛ դիրքից դուրս։ «Կոտրելով» մրցակցի պաշտպանական շղթան՝ Հենրիխը հարձակվողների համար ստեղծում է ազատ տարածություն, ինչն իր հերթին բերում է գոլային բազում հնարավորությունների։
Նա գովասանքի է արժանացել իր տեխնիկայի, շարժունակության, ճշգրիտ փոխանցումների, դրիբլինգի, ստեղծագործ խաղի, ինչպես նաև գնդակ պահելու կարողության և աշխատասիրության համար։ Նա տիրապետում է բարդ և վտանգավոր հարվածների, պաշտպաններին ճարպկորեն շրջանցելու հնարքների և դեպի փոխանցումը գնալու հրաշալի հմտությամբ։
Հենրիխ Մխիթարյանն ասել է. «Ես շատ հասարակ մարդ եմ, և, ինձ թվում է` մնացել եմ այնպիսին, ինչպիսին 5 կամ 7 տարեկան էի: Ինձ համար կարևոր է, որ բոլորը, ովքեր ինձ գիտեն, ասեն՝ Հենրիխ Մխիթարյանը չի փոխվել ո՛չ «Շախտյոր» տեղափոխվելուց, ո՛չ էլ Հայաստանի և ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո, ես շատ լավ գիտակցում եմ, որ աստղային հիվանդությունը ճանապարհ է դեպի սրընթաց անկում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







