Ռուս մարտիկ Շարաբութդին Մագոմեդովի (Շարա Բուլետ) մարզիչ Գոռ Ազիզյանը ժամանել է Բաքու՝ UFC Fight Night մրցաշարին մասնակցելու համար։
Ավելի վաղ ենթադրություններ կային, որ նրան կարող են թույլ չտալ մուտք գործել Ադրբեջան, սակայն Ազիզյանը հայտնել է, որ ինքն ու Շարան արդեն Բաքվում են։ Ազիզյանը նշել է, որ իրեն նախապես զգուշացրել էին հնարավոր խնդիրների մասին՝ կապված Ադրբեջանի մեկնելու հետ, սակայն, ըստ նրա, այդ մտահոգությունները չեն արդարացել, ասել է նա Матч ТВ-ին տված հարցազրույցում։
«Շատերն ասում էին, որ այստեղ կարող են ինձ վնասել կամ ձերբակալել, բայց ես մարզիչ եմ, սպորտը քաղաքականությունից դուրս է։ Նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ սպորտը հարգված էր։ Ես մարզիչ եմ, ես այստեղ զենքո՞վ եմ եկել։ Ես խաղաղության կողմնակից եմ։ Նույնիսկ ամենադաժան պատերազմներից հետո մարդիկ նստել են, բանակցել, պայմանագրեր են ստորագրել, ձեռք են սեղմել»,- ասել է նա։
Ազիզյանը հավելել է, որ չկա երկիր, որը երբևէ որևէ մեկի հետ պատերազմած չլինի։ Նա ընդգծել է, որ կարող է ցանկացած երկիր գնալ մրցումների և վստահություն է հայտնել, որ խնդիրներ չի ունենա։
Բուլետը միջին քաշային կարգում հանդես եկող մարզիկ է։ Նա UFC Fight Night 280 մրցաշարի շրջանակում Բաքվում կմենամարտի բրազիլացի Միշել Պերեյրայի հետ։ MMA-ի կարիերայում ունի 16 հաղթանակ և 1 պարտություն, իսկ նրա մրցակից Պերեյրան՝ 32 հաղթանակ և 14 պարտություն։





































