Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգն առաջին անգամ ընդգրկվել է գեղասահքի աշխարհի առաջնության լավագույն տասնյակում։
Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում զույգն զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ 190,46 միավորով։ Սա պատմական արդյունք է, քանի որ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան առաջին անգամ է նման արդյունք գրանցում:
«Այս արդյունքով նրանք աշխարհի հաջորդ առաջնությունում ճանապարհ բացեցին ևս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաև նվաճեցին մեծահասակների աշխարհի գավաթի (Գրան-պրի) խաղարկության երկու ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն Միջազգային սահքի միության (ISU) կողմից»,- նշել է ՀՀ գեղասահքի ֆեդերացիան։
Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկը՝ մենասահորդ Սեմյոն Դանիլյանցը, դուրս է մնացել պայքարից: Կարճ ծրագրում նա զբաղեցրել է 26-րդ տեղը՝ վաստակելով 70,94 միավոր:
Գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարտի 24-29-ը:






































