Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբից հնարավոր հեռանալու մասին շրջանառվող լուրերին:
25-ամյա կիսապաշտպանը Championat.com-ին խոստովանել է, որ ներկայումս իրեն երջանիկ է զգում թիմում, սակայն չի բացառել, որ ամռանն ամեն ինչ կարող է փոխվել:
«Այս տրանսֆերային պատուհանը հանգիստ անցավ ինձ համար։ Ես իմ գործի պրոֆեսիոնալն եմ։ Ասեկոսեները միշտ շատ են ու կլինեն ոչ միայն իմ, այլև շատ ֆուտբոլիստների մասին։ Ես երջանիկ եմ «Կրասնոդարում»։ Այս պահին կա մեկ նպատակ՝ ավելի մեծ նվաճումների հասնել ակումբի հետ, իսկ ամռանը կտեսնենք։ Ամեն բան հնարավոր է»,- նշել է Սպերցյանը։
Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 169 հանդիպում՝ դառնալով 54 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի առաջնությունում նա մասնակցել է 19 հանդիպման, դարձել 9 գոլի և 12 արդյունավետ փոխանցման հեղինակ:






































