Հայաստանի 5 ներկայացուցիչ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցի 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։
Ըստ հրապարակման՝ Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:
Խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը: Նրանք նվաճել են գեղասահքի զույգերի առաջին Օլիմպիական ուղեգիրը ՀՀ անկախության շրջանում, ասված է հայտարարության մեջ։
Նախարարությունից հայտնել են, որ առաջինը պայքարի մեջ կմտնեն դահուկավազորդները: Փետրվարի 7-ին դահուկորդ Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում: Փետրվարի 8-ին Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:
Լեռնադահուկորդ Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին, Ակոպովա-Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:
Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևում:






































