Ինքս ինձ չէի ների, եթե «Ադրբեջան» գրվածքով դուրս գայի մեկնարկի, NEWS.am Sport-ի հետ զրույցում ասել է Հայաստանը ներկայացնող դահուկորդ Միքայել Միքայելյանը՝ խոսելով իր արարքի մասին, ինչպես նաև արձագանքելով ԿԳՄՍՆ-ի ու նախարար Ժաննա Անդրեասյանի մեկնաբանություններին:
Իտալիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության փուլում դահուկորդը մեկնարկի դուրս գալիս կպչուն ժապավենով փակել էր մրցաշարի հովանավորի՝ «Ադրբեջան» անվանունը:
«Ինձ խնդրեցին, որ հաջորդ անգամ նման քայլ չանեմ: Չխոստացա, որ չեմ փակի այդ անունը շապիկիս վրա տեսնելով: Խոստացա, նախապես տեղեկացնել քայլերիս վերաբերյալ, վատագույն դեպքում՝ ուղղակի մեկնարկի դուրս չգալ, եթե այդ անունը նորից լինի իմ մրցումային համարի շապիկին»,- ասել է նա:
Միքայելյանի նկատմամբ սահմանված տուգանքը վճարելու է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան։
Անդրեասյանը հայ մարզիկի քայլի մասին ասել էր, որ դիրքորոշում կհայտնի Դահուկային սպորտի ֆեդերացիային ուղղված հարցման պատասխանից հետո: ԿԳՄՍ նախարարության հարցումը ֆեդերացիային Միքայելյանի քայլի պարզաբանման պահանջն էր, որին ֆեդերացիան պատասխանել է, որ հայ մարզիկի քայլը պարզաբանման կարիք չունի:
«Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ իմաստով է պարզաբանման պահանջը: Վերաբերմունքս նորմալ կլինի, եթե նախարարությունը պարզաբանում է ուզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, թե ինչու է «Ադրբեջան» գրությունը հայտնվել իմ մրցումային համարի էլաստիկ շապիկի վրա և այլն: Բայց եթե պահանջում են պարզաբանում, թե ինչու եմ ժապավենով փակել, ուրեմն ես այդ մարդկանց հետ խոսելու ոչինչ չունեմ, և իմաստ էլ չկա խոսելու: Իմ արած քայլն արդեն իսկ պարզ է»,- արձագանքել է Միքայելյանը:
Հարցին՝ ԿԳՄՍ նախարարի հայտարարությունը, թե սպորտը պետք է լինի սպորտի մասին, ճնշում չի՞ գործադրում, մարզիկը պատասխանել է. «Ամեն մարդ ունի իր կարծիքն իմ քայլի վերաբերյալ: Եթե մտածում են, որ սխալ եմ արել, թող անձնամբ ինձ դիմեն: Եթե որևէ մեկը մտածում է, որ «Ադրբեջան» բառը չպետք է փակեի և այդ գրվածքով դուրս գայի մրցելույթի՝ մտածելով, թե սպորտը սպորտի մասին է, ու ինձ դրանից լավ զգայի, ուրեմն ես ամենաանարժան և անպատիվ մարդը պետք է լինեի: Փառք Աստծո, ազատ երկրում ենք ապրում, որտեղ ամեն մարդ կարող է ունենալ իր կարծիքը: Մեկի համար ես ճիշտ եմ, մյուսի համար՝ սխալ»:






































