«Տավուշ տեքստիլ» գործարանի Բերդի արտադրամասի գրեթե 100 աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ը՝ հղում անելով «Տավուշ տեքստիլ»-ի տնօրեն Միքայել Եզեկյանին։
Եզեկյանը նշել է, որ դեպքը գրանցվել է ձեռնոցների արտադրամասում և այն շարունակում է փակ մնալ։ ««Տավուշ տեքստիլ»-ի միայն ձեռնոցների արտադրամասում են վարակի դեպքեր գրանցվել, որը չի աշխատում, իսկ դիմակների արտադրամասը շարունակում է գործունեությունը, քանի որ այնտեղ վարակի որևէ դեպք չկա: Բոլոր աշխատակիցների թեստերի պատասխանները դեռ չենք ստացել, բայց այս պահին մոտ 80 հաստատված դեպք կա։ Նրանք բոլորն ինքնամեկուսացված են իրենց տներում, հոսպիտալացված աշխատակիցներ չկան»,-նշել է տնօրենը։
Եզեկյանը հայտնել է նաև, որ 14-րդ օրն է մոտենում ու 90%-ի մոտ նորմալ վիճակ է, գանգատներ չկան, որևէ մեկի մոտ թոքաբորբ չկա: «Ում թեստի պատասխանները բացասական են եղել, նրանից փորձում ենք արդեն խմբեր ձևավորել, որպեսզի սկսենք աշխատել»,- նշել է տնօրենը՝ հավելելով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ թեստավորվել են նաև դիմակների արտադրամասի աշխատակիցները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տավուշ տեքստիլ»-ի աշխատակիցներից 6-7-ը կորոնավիրուսով են վարակվել, որի պատճառով արտադրամասերից մեկի գործունեությունը դադարեցվել էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







